ԳԱԱ-ում Իրաքի Քրդստանի մշակույթի նախարարին նվիրել են Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներով գրքեր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) այսօր հյուրընկալել է Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ: Հյուրերին ողջունել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրել է հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես է եկել հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրել է գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրել ենն քրդական ժողովրդական մեկ երգ:
Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին ներկայացրել է Իրաքի Քրդստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորել հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս է հայտնել, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:
Կարևորվել է, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտներն ակտիվացնեն իրենց կապերն Իրաքի Քրդստանի մշակութային և գիտական կազմակերպությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին