Մոսկվայի կինոփառատոնի ժյուրիի կազմում է կինոօպերատոր, ռեժիսոր Հայկ Կիրակոսյանը
Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի նախագահ Իվան Կուդրյավցևը հրապարակել է այս տարվա ստուգատեսի ժյուրիի կազմը։ Նրա խոսքով, գլխավոր մրցույթի ժյուրին կգլխավորի դերասան և պրոդյուսեր Եվգենի Միրոնովը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, հիմնական մրցույթի ժյուրիի կազմում են պրոդյուսեր Թանդի Դևիդսը Հարավային Աֆրիկայից, կինոօպերատոր, ռեժիսոր, Ռուսաստանի և Թուրքիայի օպերատորների գիլդիայի անդամ Հայկ Կիրակոսյանը, Բեռլինի կինոփառատոնի մանկական մրցույթի Գրան պրիի դափնեկիր, ռուս ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Կրավչուկը։
Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են մալայզիացի ռեժիսոր Ու-Վեյ Բին Հաջի Շաարին, ռուս ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նատալյա Գուգուևան և ղազախ կինոռեժիսոր Վլադիմիր Տյուլկին։
Լավագույն կարճամետրաժ ֆիլմերը կընտրեն իսրայելցի ռեժիսոր և դերասան Գուր Բենտվիչը, ռեժիսոր և պրոդյուսեր Միշել Զամպինոն Իտալիայից և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Ռեբենոկը։
Այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը։