Դեմկուս. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել և երաշխավորել Արցախի անվտանգությունը
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էկսպանսիոնիստական ախորժակը օր օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձևավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ և օրինական ընտրված իշխանություններով,
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը և հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։
Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։
Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։
Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար։
Հ․Գ․ 1 Հայտարարությանը միացել են
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը (նախագահ՝ Վահան Բադասյան),
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը և
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները