ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
«Ռուսաստանն անհիմն է համարում քննադատական որոշ հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի հասցեին»։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հադես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը։
Նա ասել է, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԼՂ իրավիճակի հետ կապված։
«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգահեռ ակտիվ աշխատանք է իրականացվում նաև ռուս խաղաղապահների հետ, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահների առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ լրացուցիչ մանրամասների համար կառաջարկեմ դիմել ՌԴ ՊՆ»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին, ապա նաև 8-ին տեղի են ունեցել հեռախոսազրույցներ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև, հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են ունեցել նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերոնշյալ բոլոր հարցերը, այդ թվում նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական և հայկական կողմերին համապատասխան լուծումների հասնելու նպատակով։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ չենք բացահայտի քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,-ասել է Իվան Նեչաևը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կողմից վիրավորված զինծառայողները դեռ դուրս չեն գրվել
- Նիկոլ Փաշինյա՛ն, ռուս խաղաղապահներին ո՞վ է բերել
- Պետք է խաղաղապահներից ճշտել՝ արդյոք ստույգ է Հայկ Խանումյանի փոխանցած տեղեկությունը. Հովհաննես Իշխանյան
- Ռուս խաղաղապահների հետ կապված հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ