Վրաստանի հայաբնակ Չանախչի գյուղն ունի ջրի ու ասֆալտապատման խնդիր
Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Չանախչի գյուղի բնակիչ Մարատ Մաթևոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծել է գյուղ տանող և գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհների, խմելու ջրի, բնական գազի բացակայության խնդիրները:
«Գյուղի փողոցները լուսավորված են, ճիշտ է` կան փողոցներ, որոնք դեռևս չեն լուսավորվել, բայդ դրանք ևս շուտով կլուսավորվեն»,- ասել է Մաթևոսյանը՝ հավելելով, որ գյուղին մոտ են ապրում, նաև փայտ գնելու համար անդորրագրեր են տրամադրում, բայց անտառից փայտ տանելը ևս խնդիր է:
Չանախչիի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը կարծում է, որ գյուղի բնակիչների համար հատկապես առաջնային է խմելու ջրի խնդիրը, որն արդեն լուծման փուլում է: «Առանց ջրի գյուղացու կյանքն ավելի է դժվարանում»,-ասել է Մանուկյանը:
Գյուղի մեկ այլ բնակչի` Վալերիկ Խուդինյանի խոսքով, կարևոր է նաև գյուղ հասնող ճանապարհի բացակայության խնդիրը, ինչը գյուղացիների համար մի շարք բարդություններ ու անհարմարություններ է ստեղծում:
«Գազի բացակայությունն էլ կարևոր խնդիրներից մեկն է գյուղի համար. փայտ ենք վառում, որն էլ զանազան անհարմարություններ է առաջացնում: Բնականաբար, եթե գազ լինի, մի շարք խնդիրներ կլուծվեն»,- ասել է Խուդինյանը:
Թոշակառու բնակչուհիները միաձայն փաստում են, որ գյուղի խնդիրը երկար տարիներ եղել է խմելու ջրի բացակայությունը. «Խմելու ջրի աղբյուրը բավականին հեռու է գյուղից. մեզ համար դժվար է այս տարիքում հասնել այնտեղ և ջուր բերել»:
Ըստ Լյովա Գաբոյանի, Սեյրան Միսկարյանի ու Էդիկ Գևորգյանի, գյուղում կա երկու հիմնական խնդիր՝ ջրի ու ասֆալտապատ ճանապարհների բացակայությունը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան