Ասում էր՝ հասարակությունը ձեզանից դժգոհ է, կասեմ դատարանների դռները փակեք և բոլորը կգան կփակեն. Ալվինա Գյուլումյան
«Մինչև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը, մենք պետք է կարողանանք մեր հասարակությունների հետ աշխատել»,-փորձագիտական քննարկման ժամանակ ասաց ՍԴ-ի և Եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ մեկնաբանելով գործող իշխանությունների կողմից իր կամքը չկատարող դատավորների դեմ իրականացվող ճնշումները:
Նա իր խոսքը հիմնավորեց Լեհաստանի օրինակով, որի դատավորների խնդիրը միջազգային ատյաններում քննարկվեց միայն այն ժամանակ, երբ այդ երկրի հասարակությունը ոտքի կանգնեց և սկսեց բազմամարդ ցույցեր ի պաշտպանություն դատավորների:
Գյուլումյանը հիշեցրեց, որ Լեհաստանում այդ բողոքի ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ այնտեղի իշխանությունները որոշել էին, որ դատավորներին ժամանակից շուտ պետք է թոշակի ուղարկեին:
ԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանում որևէ ընդգծված հասարակական բողոք չեղավ, երբ իշխանությունը ՍԴ դատավորներին ժամանակից շուտ թոշակի էր ուղարկում:
«Երբ իշխանությանը հաջողվեց այդպես վարվել Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի, Բախշյանի հանդեպ հարձակում կազմակերպել և հասարակությունը լռեց՝ դատավորների մոտ առաջացավ անպաշտպանվածության զգացում»,-ասաց Գյուլումյանը և հիշեցրեց, որ այդ հարցը ինքը բարձրացրել էր դեռ 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ հարցնում էր, թե արդյո՞ք ժողովրդավարության այնպիսի մակարդակի է հասել Հայաստանը, որ կարող է դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել, իսկ փորձը ցույց տվեց, որ չեն հասել այդ մակարդակին:
Կարևորելով հասարակության հետ տարվող աշխատանքը՝ Գյուլումյանը նկատեց, որ տարիներ շարունակ աշխատանքը տարվել է հակառակ կողմից՝ դատավորներին ներկայացնելով քավության նոխազ:
Նրա խոսքով՝ մշտապես եղել է դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը, և այն խորացվում էր նրա համար, որ դատարաններին պահեն իշխանության կրնկի տակ:
«Ասում էր՝ տեսե՛ք, հասարակությունը ձեզանից դժգոհ է, կասեմ դատարանների դռները փակեք և բոլորը կգան դռները կփակեն: Այս պայմաններում պետք է հասարակության հետ աշխատանք տարվի, որպեսզի նա շահագրգռված լինի դատարաններին պաշտպանելու»,-իր խոսքն ավարտեց Ալվինա Գյուլումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարազդատ Հարությունյան. Քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին
- Չալաբյանի ուղերձը. Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն