
Դավիթ Բաբայան. Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է
Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիա/յի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։
Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,-նշել է նա։