Զոհրաբյան. Նման գործերի համար ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը, քանի որ նա դատել է Նիկոլ Փաշինյանին
«Եվրոպական կառույցներում թքում էին մեզ վրա, ասում էին, որ դուք շատ եք կալանքը որպես խափանման միջոց կիրառում, դա խոշտանգում է»,- «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որ երկար տարիներ ներգրավված է եղել եվրոպական կառույցներում աշխատող հայաստանյան պատվիրակությունների կազմում։
Անդրադառնալով մեր օրերին՝ Զոհրաբյանը փաստեց՝ իր աչքի առաջ դատարանում մահացած կալանավորված Արմեն Գրիգորյանը։
«Սա խոշտանգում է։ Աղվան Հովսեփյանը երբևէ իմ հերոսը չի եղել, ես մշտապես կոնֆլիկտ եմ ունեցել իր հետ որպես գլխավոր դատախազ։ Բայց երբ ինձ երեկ պատմեցին, որ մարդը 27 շաքարով, կոմայի մեջ, ուշաթափվել է մի հիվանդանոցից մյուսն է տեղափոխվել, սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում»,-ասաց Զոհրաբյանը։
Նա համոզված է, նաև ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվումէ անձնական վրեժխնդրություն։
«Ինչո՞ւ է ընտրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը նման գործերի համար, որովհետև Մնացական Մարտիրոսյանը դատել է Նիկոլ Փաշինյանին։ Անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ Փաշինյանը բոլոր այս գործերը հանձնարարում է Մնացական Մարտիրոսյանին, ով ուղիղ գնում է սեփական իրավական կառափնարան։ Մի օր բոլորը պատասխան են տալու, այդ թվում նաև Մնացական Մարտիրոսյանը»,-ասաց Զոհրաբյանը։
«Անվտանություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պարբերաբար դիմում է եվրոպական կառույցներին, Հայաստանի հարցով համազեկուցողներին։ Վերջիններն ասում են՝ ստացել են դիտարկումները, բայց որևէ արձագանք չկա։
«Ինչո՞ւ չկա, որովհետև այդ կառույցները վերածվել են քաղաքական գործիքի, դրանց գործառույթն այլևս մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունի»,-ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարազդատ Հարությունյան. Քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին
- Չալաբյանի ուղերձը. Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն