ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի փոխանցմամբ, գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար:
Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում:
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է․ «Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում, որտեղ մարդիկ ստանում են իրենց առաջնային առողջապահական ծառայությունները: Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկանց և երեխաներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու համար»: