Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հետաձգմանը և Պենտագոնից պահանջում է հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը գրում է Sabah թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր զինանոցում եղած ևս 80-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար, բայց ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին՝ հիշատակելով Սիրիայում, Իրաքում և Արցախում ռազմական գործողություններին նրա մասնակցությունը: Հունաստանն էլ է ակտիվորեն դեմ հանդես գալիս գործարքին։ Սա էր պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։
«Թուրքիան չի ցանկանում, որ այս հարցը ենթարկվի երկարատև ընթացակարգի և ձգձգվող գործընթացի, այդ իսկ պատճառով նա բանակցում է Պենտագոնի հետ և պահանջում, որպեսզի հարցը արագ ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին»,-գրում է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ներկայացուցիչների ապալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային
- Ամերիկացի կոնգրեսականները Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը վերահսկող նախագիծ են ներկայացրել
- Բայդենը Էրդողանին վստահեցրել է, որ ջանքեր կգործադրի F-16-ի հետ կապված խնդիրը լուծելու համար
- F-16 կործանիչների վերաբերյալ Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները դրական են անցել