Գրող Սալման Ռուշդիին դանակահարածը Նյու Ջերսիի 24-ամյա մի տղամարդ է
ԱՄՆ ոստիկանությունը պարզել է օգոստոսի 12-ին բրիտանացի մուսուլման-հնդիկ գրող Սալման Ռուշդիին դանակահարած տղամարդու ինքնությունը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Նյու Ջերսի նահանգի Ֆեյրվյու քաղաքից 24-ամյա բնակիչ Հադի Մաթարն է ներխուժել բեմ, որտեղ Ռուշդին պատրաստվում էր դասախոսություն կարդալ։
Նա ձերբակալվել է դեպքի վայրում։ «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ հարձակման դրդապատճառները դեռ անհայտ են։
75-ամյա Ռուշդին դանակով հարվածներ է ստացել պարանոցին և ստամոքսին։ Նրա գործակալ Էնդրյու Ուայլիի խոսքով՝ հոսպիտալացված գրողը միացված է արհեստական շնչառության սարքին, լուրջ վնասված է նրա լյարդը, ձեռքը, և կարող է կորցնել աչքը։
Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև դասախոսության վարող 73-ամյա Հենրի Ռիզը։ Նա դեմքի վնասվածք է ստացել և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Սալման Ռուշդին բազմիցս սպառնալիքներ է ստացել իր «Սատանայական բանաստեղծություններ» աշխատության համար, որը շատ մուսուլմաններ համարում են սրբապղծություն: Գիրքն Իրանում արգելված է 1988 թվականից, և հանգուցյալ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին ֆեթվա է հրապարակել, որով Ռուշդիին փաստացի մահապատժի է դատապարտել: Իրանի կառավարությունը հետագայում հեռացավ ֆեթվայից, սակայն երկրում գրողի նկատմամբ բացասական վերաբերմունքը պահպանվեց։
Նշվում է, որ Հադի Մաթարը ծնվել է «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրապարակումից ավելի քան 10 տարի անց։ Ինչպես հայտնում է AP-ն, նա միջոցառմանը մուտք է գործել տոմսով, ինչպես մնացած հանդիսատեսները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան