Նկատված կամուրջն ու անտեսված ջրի խնդիրը
Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց՝ Ստեփանավանի շրջանում գոյություն ունեցող պատմական կամրջի մասին, որին ամբողջությամբ տեսնելու համար, այսպես ասած՝ խանգարում են ծառերը։ Հիշեցնենք, Կառավարության նիստին նա, մասնավորապես, ասաց․
«Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհի մասին է խոսքը: Դա Ստեփանավանից դեպի Ալավերդի, Օձուն տանող ճանապարհն է: Ասածս վերաբերում է հենց այն հատվածին, որտեղ նորոգում է տեղի ունենում: Վերջերս այդ ճանապարհով անցնում էի եւ նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ ու երթևեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երևում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը: Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ դա ճարտարապետական հուշարձան է, և ի վերջո, ճանապարհի բովանդակությունը և էսթետիկան ամբողջությամբ փոխում է»։
Նախ կամրջի մասին տեղեկություն ստանալու համար,Panorama.am-ը կապ հաստատեց Ագարակ գյուղի բնակիչներից երկուսի հետ, որոնցից ոչ ոք պատկերացում չուներ,թե ինչ կամուրջի մասին է խոսքը, որին խանգարում են ծառերը։
Մեզ ասացին, որ գյուղ մտնող և դուրս եկող կամուրջներ կան, բայց դրանք այդքան հին չեն, հետո էլ՝ ծառապատ չեն։
Այնուհետև Panorama.am-ը զրուցեց Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։ Նա մեր զանգից հետո ճշտել էր, որ հին, պատմական կամուրջ կա, որը գտնվում է Յաղդան գյուղից Կողես գյուղ տանող ճանապարհին։ Խոսքը ՝ 13-րդ դարում կառուցված «Կարմիր խաչ» կամրջի մասին է։
«Կամուրջը գտնվում է ոչ թե Ստեփանավանից Ագարակ տանող ճանապարհին, այլ Յաղդանցից Կողես գյուղ տանող ճանապարհին։ 1000 տարվա պատմություն ունեցող հին կամուրջ է։ Մոտ 40 տարի առաջ վերանորոգվել է, բայց հիմա նորից վերականգնման խնդիր ունի։ Այնտեղ կան ակացիաներ, ուռենիներ,որոնց համարում են անտառի մոլախոտեր, այսինքն՝ արժեք չեն ներկայացնում, դրանք իսկապես կամրջի տեսադաշտը փակում են»,- ասաց Ներսիսյանը։
Մեր հարցին,թե ծառերն էտելու դեպքում հնարավոր չէ՞ արդյոք խնդիրը լուծել, Ներսիսյանն ասում է, որ՝ ոչ․ «Եթե էտեն էլ 2-3 տարվա մեջ նույն խնդիրն է լինելու, տարածվող ծառ է։ Ակացիաներից, ուռենիներից բայցի,կան նաև հացենիներ, որոնք արժեքավոր են, դրանք կարելի է թողնել։ Այսինքն՝ ծառերի մեջ տարբերություն դնել, այս մեկը կարելի է հատել, քանի որ արժեք չի ներկայացնում, մյուսը, եթե արժեքավոր է՝ ոչ։ Ծառերը տնկված ծառեր չեն, իրենք մոլախոտի պես աճել են»։
Անտառագետ Դավիթ Ամիրյանը Panorama.am-ի հետ զրույցում հետևյալն ասաց․ «Եթե կան պատմամշակութային օբյեկտներ, ապա կարող են էտման աշխատանքներ իրականացնել, բայց հատելը նպատակահարմար չէ։ Նրանք ափապաշտպան դեր են կատարում և հատելը սխալ է»։
Ինչ վերաբերում է արժեքավոր կամ ոչ արժեքավոր ծառ լինելուն, ապա մասնագետը նշում է՝ անտառագիտության մեջ արժեքավոր տեսակներ հասկացություն չկա։ Հացենին Հայաստանում բնականորեն աճող տեսակ է, իսկ ակացիան` ներկրված։ Ուռենիներն էլ ունեն ափապաշտպան, ջրապաշտպան նշանակություն։
Ամիրյանը նշում է, որ ուռենիներն էլ այդքան բարձր չեն, որ խոչընդոտեն, կարելի է պարզապես էտել։
Դատելով լուսանկարներից, Փաշինյանի կողմից արված հայտարարության շուրջ աղմուկն ավելի մեծ էր, քան իրականությունն է։ Բայց հենց այս գյուղում, որտեղ պատմական կամուրջն է կա շատ ավելի հրատապ լուծման կարիք ունեցող խնդիր։
Յաղդան համայնքի ղեկավար Արամ Ջանջուղազյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ գյուղացիներին հուզող խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում։ Խոսքը՝ Յաղդան գյուղի խմելու ջրի խնդիրն է։
«Գյուղում ամենամեծ խնդիրը խմելու ջրի հարցն է։ 2 օրը մեկ անգամ, այն էլ՝ չորս ժամով ենք ջուր ունենում։ Ժամանակին կային պոմպեր, որոնք ջուրը հասցնում էին Ստեփանավանի գյուղեր ու նաև Ալավերդի ու Նոյեմբերյան քաղաքներ։ Հետո ՝ Ալավերդին ու Նոյեմբերյանն առաձին ջուր քաշեցին,մեր կողքի գյուղի տակից, հիմա 3-4 գյուղ՝ Լոռի բերդ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերը ջուր չունեն։ Ասում են՝ պոմպի ծախսը շատ է, չենք կարող շատ տալ։ Բացի այդ, մեզ ասում են , որ ջրի գումար ենք պարտք։ Յուրաքանչյուր բնակիչ իր հաշվիչն ունի, սպառած ջրի դիմաց գումարը վճարում է։ Ընդհանուր, օրինակ՝ 100 000 դրամ ենք վճարում, բայց մեզ ասում են՝ պարտք եք։ Ջրի կորուստ գյուղում չի լինում։ Եթե խնդիր է լինում անմիջապես մեր ուժերով նորոգում ենք, քանի որ մեր գրպանից ենք վճարում»։
Ջանջուղազյանն ասում է, որ գյուղացին ջուր չի ունենում, բայց փոխարենը ջրի համար պարտքեր են կուտակվում։
«Գոնե ամեն օր մի քանի ժամով տան ջուր էլի։ Խնդիրը մինչև նախարարություն բարձրացրել ենք,բայց այսօրվա դրությամբ պայմանները դա են, ոչինչ չի փոխվել»,- ասաց նա։
Մեր հարցին,թե Նիկոլ Փաշինյանը գյուղի մոտով անցնելիս, երբ նկատել է կամրջի մոտ աճած մի քանի ծառերը, գյուղ չի՞ մտել, ասաց՝ ոչ, գյուղում կանգառ չի եղել, իսկ խնդրի մասին տեղյակ են տարբեր գերատեսչություններում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում