Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը
Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ունկնդրին ներկայացել են ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխանցմամբ, դաշնամուրի և ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երևանում։ Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվել են Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները։ Իսկ Անտոնիո Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչում էր առաջին անգամ։
Անահիտ Դիլբարյանը նշում է, որ Նիկոլայ Պողոսյանի հետ այս ձևաչափով համագործակցում է առաջին անգամ։ Դաշնակահարուհին ֆագոտի և կլառնետի հետ ունեցել է համագործակցություն, և այդ տրիո գործակցությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Խոսելով Տոռիանիի Դիվերտիսմենտի մասին, երաժիշտն ընդգծում է, որ այն շատ հետաքրքիր հնչողություն ունի։ Դաշնակահարուհին այս ստեղծագործությունը կատարում է առաջին անգամ և խոստովանում, որ իր համար շատ հետաքրքիր էր այդ գործն ուսումնասիրելը։
«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ-ն։ Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը:
Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։