«Գութան» փառատոնը հետաձգվում է
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանը հայտնել է փառատոնի հետաձգման մասին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
մեր ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետաբեր պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին՝ բարձրացնելով մեր աղոթքն առ Աստված՝ զոհվածների հոգիները լույսի մեջ պահելու համար։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այս սարսափելի պատահարից տուժածներին։
Հարգելի՛ հայրենակիցներ, «Գութան» փառատոնի իրականացման օրվա մասին` 26/08/22 հայտարարել էինք ավելի վաղ և այդ ուղղությամբ սկսել նախապատրաստական աշխատանքներն ու գովազդային արշավը։ Սակայն, հաշվի առնելով երկրում ծավալվող իրադարձությունները՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնման հետ կապված (որն ըստ ամենուր տարածված տեղեկության, իրականացնելու են օգոստոսի 25-ին), ինչպես նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական դեպքով պայմանավորված, որոշել ենք «Գութան» փառատոնի իրականացումը հետաձգել»։