Զորյան ինստիտուտ. Դադրյանի գերազմանի անբարեկարգ վիճակի պատճառը քովիդն ու պատերազմն են
Հայաստանի Զորյան ինստիտուտ հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի մամլո հաղորդագրությունը օրերս ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանոցի շուրջ ծավալաված «անհարկի մեկնաբանությունների» վերաբերյալ։ Հաղորդագրությունը վերնագրել են «Փոթորիկ մի բաժակ ջրում», սակայն չեն հերքում, որ պրոֆեսորի գերեզմանը գտնվում է անբարեկարգ վիճակում։
«Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ համաձայն իր կտակի և իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով և Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաև հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը և կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Երևան, Հայաստան։
ՀՀ վարչապետի որոշումով ձևավորվեց թաղման հատուկ հանձնաժողով, որը հատկացրեց հողակտոր Երևան քաղաքի պանթեոնում։ Քաղաքային պանթեոնում իրենց վերջին հանգրվան են գտնում ազգային հերոսները և հայ ազգի այլ նշանավոր ներկայացուցիչները։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կազմակերպմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ պետական հոգեհանգիստ, որին ներկա գտնվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ և ակադեմիական հանրույթը։
COVID-19 համավարակի և 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին և զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը։ Դրա պատճառով պանթեոնում գերեզմանոցի բարեկարգման և գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես առկախվեցին:
Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն անհարկի շահարկում են այս հարցը, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և անտեղի մեկնաբանություններից, որոնք միայն փոթորիկ են առաջացնում մի բաժակ ջրում։
Հարգանքով՝
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի
Գործադիր տնօրեն
Մարի Հովհաննիսյան»։