Թաներ Աքչամն ահազանգում է Դադրյանի՝ Երևանում գտնվող շիրիմի անմխիթար վիճակի մասին
Թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ Թաներ Աքչամն ահազանգում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Դադրյանի՝ Երևանում գտնվող գերեզմանի անմխիթար վիճակի մասին։
Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։
«Մեծ խռովքով ու տխրությամբ հրապարակում եմ մի քանի լուսանկարներ իմ սիրելի պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանից։ Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինը պարզել է, որ Դադրյանի գերեզմանը՝ Երևանի գերեզմանատունը, որտեղ նա թաղվել է 2019 թվականին, մնացել է առանց խնամքի՝ թաղված մոլախոտ-թփերով։ Ավելի վատ, գերեզմանի վրա նույնիսկ նշում չկա։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը: Դադրյանն արժանի չէ դրան։ Մինչ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մեծարում են օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաների, անընդունելի և անսահման ամոթ է, որ ժամանակակից Հայոց ցեղասպանության հետազոտության հիմնադրի գերեզմանը գտնվում է անբարեկարգ և մոռացված վիճակում, առանց նույնիսկ նշումի։ Ես չգիտեմ, թե ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության և գերեզման կառուցելու համար: Ինչ էլ որ լինի, վստահ եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ սա մեծ ամոթ է և անընդունելի»,-գրել է Թաներ Աքչամը։
Նա հույս է հայտնել, որ պատասխանատուները անհապաղ միջոցներ կձեռնարկեն և Դադրյանին կտան իրեն արժանի գերեզմանը:
«Միմյանց մեղադրելու փոխարեն պետք է հավաքվենք և անենք այն, ինչ անհրաժեշտ է»,-նշել է թուրք մտավորականը։
Նշենք, որ Վահագն Դադրյանն ու Թաներ Աքչամը համեհղինակել են «Դատավարություն Ստամբուլում» գիրքը։ Նա ամերիկահայ ճանաչված գիտնական է, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս։ Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։
Դադրյանը մահացել է 2019-ի օգոստոսի 2-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան