Անհետ կորած քաղաքացիներից մեկը պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ․ փոխնախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ և այժմ էլ շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ներկայում որոշակի հովացման աշխատանքներն են ընթանում:
Փոխնախարարը հայտնեց, որ պայթունի հետևանքով անհետ կորած է համարվում երկու քաղաքացի, սակայն 16 զոհվածներից մեկը նույնականացված չէ:
«Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, ուստի որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,- ընդգծեց Արտյուշ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, հիմա որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդտեղ։
Արտյուշ Գրիգորյանը նաև հայտնեց, որ մասնագետներ են հրավիրվել նախարարության սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, քննարկում են, թե ինչպես աշխատանքներն իրականացնեն, որ փրկարարական գործընթացում ներգրաված անձինք չտուժեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան