Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Լինելով ավելի բարձրահասակ մեր մարզիկը շատ գրագետ օգտագործել է իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում մենք հաղթել ենք 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում՝ մեր մարզիկը ավելացրել է ճնշումը և ռաունդը հաղթել 5։0 հաշվով։
3-րդ ռաունդը բավականին հախուռն է ստացվել։ Թուրք բռնցքամարտիկը նետվել է մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն է տվել Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալում է թուրք մրցակցին և մրցավարը հաշիվ է բացում ու դադարեցնում մենամարտը։
Մրցավարի որոշումը զայրացնում է թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձում էին հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։
Նշենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալով Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովել է մեդալ»։