Ես այստեղ եմ՝ որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյանը «Սուրմալու»-ում էր
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը ցավալի է ու սթափեցնող։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը դեպքի վայր էր ժամանել ողբերգությունից 4 օր հետո։
«Վստահ եմ՝ սա առիթ է մտածելու նման նյութերի պահպանման մասին, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառություն անցկացնելու մշակույթից հրաժարվելու մասին»,- նշեց նա։
Ավինյանի խոսքով՝ դեռ 2021 թվականին մի նախագիծ էր քննարկվել և ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլատրելով միայն պետական և համայնքային տոներին։
Ըստ նրա՝ ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի:
Հարցին՝ երկու տարի առաջ ոստիկանությունը ուշ ժամերին հրավառություն անողներին տուգանում էր, սակայն մի քանի հոգու տուգանելուց հետո այդ պրակտիկան դադարեցրեց, այսինքն՝ բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, Տիգրան Ավինյանն ասաց՝ երբ հրավառ արտադրանքը գտնվում է ազատ վաճառքում, վերահսկողություն շատ ավելի դժվար է իրականացնել։
«Այստեղ միայն ժամերի հարցը չէ։ Մենք ինքներս պետք է գիտակցենք՝ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ 10 կմ շառավղով շրջապատի բնակիչների անդորրը խանգարենք՝ թեկուզ դա տեղի է ունենում մինչև ժամը 11-ը։ Մյուս կողմից մենք նաև տեսանք, թե ինչ վտանգ է պարունակում այս հրավառ նյութերի պահպանումը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ավելի կոշտ քայլերի դիմենք»,- նշեց Ավինյանը։
Նա նաև բացառեց, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչական գործողություն լինել։ Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ և կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել. «Սակայն 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների։ Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի»։
Տիգրան Ավինյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտարարեց, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երևանի քաղաքապետի թեկնածու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան