Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ մարդկային ներուժի, տեխնիկայի պակաս չենք ունեցել. նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները ներկա պահին տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա նշեց, որ ըստ տեղեկությունների՝ այնտեղ պայթյունի պահին եղել է քաղաքացի, ուստի ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում են աշխատանքներ։ «Այսինքն՝ որտեղ պայթյունը սկսվել է, հենց այդ հատվածում են ուժերը կենտրոնացվել»,- ընդգծեց նախարարը։
Հարցին, թե արդյոք տվյալ շինությունն ապամոնտաժվելու է, Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ այս պահին առաջնայինը ինժեներային աշխատանքներն իրականացնելն է, միայն որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո կքննարկվի շինության հետագա հարցը: «Ներկա պահին մեր առջև չկա դրված նման խնդիր, քանի որ դեռ ունենք անհետ կորած քաղաքացի, մենք շինության ապամոնտաժման մասին չենք փորձում մտածել»,- ասաց նախարարը։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ թեև որոնման տարածքը նեղացել է, սակայն բարդություններ կան։
«Քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, որից առաջացել է թե հրդեհ, թե հարվածային ալիք, դա իր հերթին բարդություններ է առաջացնում որոնողափրկարարական աշխատանքների մասով։ Նման հարվածային ալիքից և ջերմաստիճանից հետո այստեղ նաև գոլորշիացում է տեղի ունեցել, և շանսերը հուսադրող չեն, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բացազատել այդ հատվածը, օգտագործել մեր շներին, և մեր որոնողափրկարարական խումբը կփորձի մուտք գործել տվյալ հատված և իրականացնել աշխատանքներ»,- նշեց նախարարը։
Արմեն Փամբուխչյանը նաև հայտնեց, որ այս օրերին մարդկային ներուժի, մասնագետների, տեխնիկայի պակաս չեն ունեցել, այլ երկրներից օգնություն խնդրելու անհրաժեշտություն նույնպես չի եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթունի հետաանքով զոհվել է 16 մարդ, երկու քաղաքացի որոնվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան