Եթե վիզուալ նայում ես մեր կարուսելներին, 70%-ն աղետի կոնկրետ նախանշան է. Փաշինյան
Ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է։ Կառավարության այսօրվա նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է վճռականություն ցուցաբերել և երկրում ստանդարտներ սահմանել։
«Պետք է արձանագրենք՝ եթե մենք սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ Հայաստանում ուղղակի պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Այստեղ գալու է հարցը՝ բա էդքան մարդ ընտանիք է պահում, հացի գումար է աշխատում, հետո ասում են՝ ահա այս բիզնեսը փակում են, որ վարչապետի հորեղբոր տղու դասարանցին բիզնես դնի։ Ամեն անգամ բախվում ենք այսպիսի իրավիճակի, թե ոնց կլինի երկրի տնտեսության կեսը փակենք և այլն։ Եկեք մի բան որոշենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ տարբեր առիթներով հանգում են կարևոր և սկզբունքային հարցի՝ որտեղ գնալ կամ չգնալ կոմպրոմիսի։
«Մենք պրոբլեմներն ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո հետ ենք նայում ու ասում՝ ինչի՞ ենք էսքան տարի կոմպրոմիսների մեջ»,- նշեց նա։
Ըստ նրա, դա վերաբերում է նաև փողոցային առևտրին, որն արգելելու հարցը 30 տարի Երևանում քննարկվում է։ «Դրա համար պետք է սկզբունքային որոշումներ կայացնել։ Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահել, օրինակ, շինարարական կազմակերպություններում աշխատուժի լուրջ պրոբլեմ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ երկրում աշխատանք չկա»,- ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նշեց, որ դա չի նշանակում, թե աջուձախ ամեն ինչ պետք է փակեն ու արգելեն։
«Եկեք չգնանք կոմպրոմիսների, բայց չեմ ասում՝ գերանդին առնենք, աջուձախ ամեն ինչ փակենք, սակայն պետք է անվտանգության կանոնները պահպանենք, պետք է գնանք նոր ստանդարտների։ Օրինակ, ամեն տարի գարնանն ասում եմ՝ սեզոնը բացվել է, այսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ը պետք է գնա և ստուգի, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ լինի, առաջիկայում իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ։ Եթե վիզուալ նայում ես մեր կարուսելներին, 70%-ն աղետի կոնկրետ նախանշան է։
Երբ աղետը լինի, զոհեր լինեն կամ չլինի, հետո կասենք՝ այսքան տարի չէինք տեսնում։ Երկրում խնդիրները ծագել են այն կոմպրոմիսների պատճառով, որ միշտ ասում ենք՝ դե մարդիկ ընտանիք են պահում։ Պետք է դադարեցնել սա, հակառակ դեպքում անորակ իրականության կոմպրոմիսն աղետների է բերելու»,- նշեց Փաշինյանը։