Նոր օրինագիծ. Հակակոռուպցիոն մարմնի ծառայողները կարող են գորածադրել ուժ ու շներ
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը։ Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնակայն կայքում։ 16 օրվա ընթացքում նախագծին քվեարկել է 7 մարդ, 1-ը՝ կողմ, 6-ը՝ դեմ։
Նախարարության մեկնաբանմամբ, նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։
Ինչպես նաև կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը։
Ըստ նախագծի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է վերադասության կարգով մինչև հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել ռետինե մահակներ, արցունքաբեր գազ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, հատուկ ներկող նյութեր, ծառայողական շներ և այլն։
Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր: