Խաչատուր Սուքիասյանը դիմել է իրավապահներին
«Սումալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին հաջորդեցին խոսակցություններ, որ դժբախտ դեպքի վայրում ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է բազմաբնակարան շենք կառուցել։ Եղան մարդիկ, որ պայթյունն այդ համատեքստում դիտավորյալ արված հանցագործություն որակեցին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ այդ տեղեկությունները զրպարտիչ որակեց։
«Սույն թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում հայտնվեցին զրպարտիչ նյութեր առ այն, որ առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպված է եղել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և իր ընտանիքի անդամների կողմից:
Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ նմանաբովանդակ նյութերով կազմակերպված արշավ են սկսել Սուքիասյանների դեմ: Սա արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար:
Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը։
Ցավակցում ենք զոհերի հարազատներին»,-գրել է նա։
ԱԻՆ հրապարակած վերջին տվյալների համաձայն, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
ԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․։