«Հրապարակ». Իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական թեժ աժիոտաժ է Թալինում: Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության սրտի թեկնածու, անցած ընտրություններին պարտված, բայց զոռբայությամբ համայնքապետի աթոռը զավթած Տավրոս Սափեյանի դեմ քաղաքական նոր կոմբինացիաներ է պետք գործադրել:
Մեր տեղեկություններով՝ նախկինների հետ ասոցացվող նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չի պատրաստվում թեկնածություն առաջադրել։ Նա անցած ընտրությանը Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ցուցակն էր գլխավորում, սակայն մեր աղբյուրներն ասում են, թե դա չի նշանակում, որ նախկին թիմն իր թեկնածուն չի ունենալու և չի մասնակցելու։
Թեև դեռ հայտնի չէ, թե ով կլինի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի քենակալ (բաջանաղ) Տիգրան Գրիգորյանի թեկնածության մասին են խոսում, կառաջադրվի՞ նա արդյոք ՀՅԴ ցուցակով, թե՞ այլ ուժով՝ դա էլ դեռ պարզ չէ: Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Թաթուլի նախկին գյուղապետ Ալբերտ Հարոյանը, ով ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի ազգականն է: Նորայր Նորիկյանի կուսակցությունն է հետաքրքրություններ դրսևորում, «Ապրելու երկրի» ցուցակն էլ կգլխավորի անցած ընտրություններին «Հայք» կուսակցությամբ առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով ընդդիմադիր եռյակի քաղաքապետի միասնական թեկնածուն էր: Այլ անուններ էլ են շրջանառվում:
Մինչ ընդդիմադիրները վերադասավորվում են, իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին, երբեմնի ընդդիմադիրներին իր դաշտ բերել։ Նաև շատերին աշխատանք են խոստանում: Ասում են նաև, որ Սափեյանի հույսը Թալինին վերջերս միավորված Արագածավան համայնքն է՝ Արագած, Արտենի, Գետափ, Լուսակն համայնքներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա