Որսորդը չի տարբերում որսված տեսակը կարմիրգրքյան է,թե՝ ոչ
Սիրողական որսաշրջանի մեկնարկն արդեն տրված է։ ՇՄՆ-ն սահմանել է ժամկետները, որսի կենդանատեսակներն ու յուրաքանչյուր որսորդին բաժին ընկնող որսաչափը։
Տե՛ս այստեղ։
Սակայն այս ոլորտում կան դեռևս բազում չլուծված խնդիրներ և օրենսդրական բացեր։
Սկսենք նրանից, որ որսի ոլորտում վերահսկողությունը թույլ է։ Թեև սահմանվում են չափաքանակներ, բայց որսվում է ավելի շատ։ Ինչի հետևանքով որոշ տեսակների թվաքանակն էապես նվազել է։ Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց․
«Որոշ թռչնատեսակների շրջանում արված մեր վերջին հետազոտություները, օրինակ՝ սպիտակապոչ եղտյուրիկի, կարմրագլուխ սուզաբադի, կարմրակտուց սուզաբադի, քարակաքավի և այլն, ցույց են տվել, որ որոշ տեսակների գլխաքանակը կտրուկ նվազել է։ Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջինն այն է, որ որսորդը չի ճանաչում տեսակին և կրակում է այն ամենը ինչը, որ նման է բադին կամ կտցարին։ Այս դեպքում մենք հիմնականում գործ ունենք Կարմիր գրքում գրանցված տեսակների հետ։
Երկրորդը՝ թռչունների թվաքանակը և տրվող լիցենզիաների թիվը ճիշտ ձևով չեն հաշվարկվում։ Օրինակ ՝ որսորդը որսում է թույլատրելի 20 կաքավը, բայց պետք է որսար 10 կամ գուցե այդ տարի առհասարակ կաքավի որս չպետք է թույլ տալ՝ պոպուլիացիան վերականգնելու համար։ Լավ օրինակ է նաև կարմրագլուխ սուզաբադը, որը նախկինում համարվում էր որսի տեսակ, սակայն հենց այն պատճառով, որ դրանց թվաքանակը լավ չէր կառավարվում, ներառվեց Միջազգային Կարմիր գրքում, նաև Հայաստանի կարմիր գրքում գրանցվելու թեկնածու է»։
Ստացվում է, որ որսորդների մեծ մասը պատկերացում չունի,թե ինչ տեսակ է որսում, արդյո՞ք տվյալ տեսակը ներառված է Կարմիր գրքում։ Արդյունքում ՝ անկառավարելի և անգրագետ որսի հետևանքով տուժում են թռչնատեսակներն ու կենդանանտեսակները, հատկապես՝ Կարմիր գրքում գրանցված։ Սա է պատճառը, որ մասնագետները պնդում են՝ ներդնել որսորդի գիտելիքների մակարդակը ստուգող համակարգ,որը կստուգի որսորդի իմացությունը՝ որսի կանոնների և տեսակների մասով։
Մեկ այլ կարևորագույն խնդիր է որսահանդակների սխալ քարտեզագրված լինելը , ինչն էլ ավելի է սրում է խնդիրը։
«Շատ դեպքերում օրինական որսահանդակները համընկնում են միջազգային կարևորագույն տարածքների հետ։ Օրինակ՝ որսահանդակը համընկնում է «զմրուխտե ցանցի» կամ տարածքի հետ, որը պահպանվում է Բեռնի կոնվենցիայով կամ համընկնում է այն առանցքային կենսաբազմազանության տարածքների հետ, որոնք պահպանվում են WWF-ի կողմից։ Նշված տարածքներում կան հազվագյուտ թռչուններ, վտանգված, էնդեմիկ, միգրացվող կամ խստորեն պահպանվող տեսակներ։ Այս խնդիրն էլ ավելի է մեծացնում Կարմիր գրքում գրանցված թռչունների վրա կրակելու հնարավորությունը»,- պարզաբանեց մասնագետը։
Վերահսկողության հետ կապված Աղաբաբյանն ասաց, որ կան թերացումներ, սակայն դրանք կապված են տեսչական մարմնի մարդկային և ֆինանսական ռեսուրսների խիստ սահմանափակ լինելու հետ։
Տեսուչների թիվը չի ավելանում, փոխարենը որսորդների թիվն է աճում։ Գրանցված որսորդների թիվը 50 000-ից ավելի է,թեև նրանցից միայն 10-15 հազարն է ակտիվ որսորդ։ Աղաբաբյանի խոսքով՝ մյուսները հիմնականում գրանցվել են՝զուտ զենք կրելու թույլտվություն ունենալու համար։
Մասնագետը հույս հայտնեց, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումից հետո քիչ,թե շատ ոլորտը կբարելավի։ Այժմ մասնագետների խումբն աշխատում է այդ ուղղությամբ։
«Որսի ոլորտում օրենքի փոփոխության հիմնական նպատակն՝ ավելի գրագետ որսորդներ ունենալն է, որոնք կտարբերեն որսի տեսակները՝ արգելված է,թե՝ ոչ,կամ որտեղ, երբ և ինչ միջոցներով կարելի է որս կատարել։ Անխտիր բոլոր որոսորդները պետք է քննություն հանձնեն, հետո ստանան որսորդական տոմս»։
Օրենքում ամեն բան արդեն ձևակերպված է, քննության համար անհրաժեշտ դասընթացները՝ կազմված։ Այժմ փորձաշրջանի փուլում է, որպեսզի համոզվեն՝ դասընթացը բավարար է՝ որսորդի գիտելիքները ստուգելու համար,թե՝ոչ։
Քարակաքավ
Սպիտակապոչ եղտյուրիկ
Կարմրակտուց սուզաբադ
Կարմրագլուխ սուզաբադ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան