Ո՞վ է Էդգար Ղազարյանը. Ներկայացնում է Ռուբեն Մելիքյանը
Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հարցին, թե ովէ Էդգար Ղազարյանը։ Հիշեցնենք, որ վերջինը օգոստոսի 23-ին հանրահավք է հրավիրել Հանրապետության հրապարակում։
«Ո՞վ է Էդգար Ղազարյանը։ Այս հարցը վերջին օրերին էնքան շատ եմ լսել իմ ծանոթ-անծանոթներից, որ որոշեցի հրապարակավ պատասխանել։
Եվ այսպես՝ ո՞վ է Էդգար Ղազարյանը, որը օգոստոսի 23-ի կեսօրին 1990 թվականի գումարման ՀՀ Գերագույն խորհրդի «պատվո նիստ» է նախաձեռնել, որը նույն օրը՝ օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, ո՞վ է Էդգար Ղազարյանը, որի հրավիրած հանրահավաքը քաղաքապետարանի նիկոլները որոշել են արգելել, ո՞վ է Էդգար Ղազարյանը, որը պնդում է, որ այդ օրը՝ օգոստոսի 23-ին՝ մոտավորապես ժամը 20:00-21:00-ի սահմաններում մեզ վերջապես հաջողվելու է ձերբազատվել վարչապետի աթոռին ինքնասոսնձված գլխավոր նիկոլից։
Նախ, նշեմ, որ Էդգար Ղազարյանին ճանաչում եմ վաղուց, ու նա իմ ճանաչած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է, ամենապետականամետ մարդկանցից մեկն է, ամենակազմակերպված մարդկանցից մեկն է, ամենանրբանկատ մարդկանցից մեկն է, ամենահետևողական մարդկանցից մեկն է, ամենաստեղծարար մարդկանցից մեկն է, ամենահումորով մարդկանցից մեկն է, ամենաինքնատիպ մարդկանցից մեկն է, ամենաբազմակողմանի մարդկանցից մեկն է, ամենաբարի մարդկանցից մեկն է։ Ոչ, թերևս ա՛մենաբարին է։ Կարծում եմ, դա նրա ամենամեծ թերությունն է, որը, հուսով եմ, հաղթահարելի է։
Էդգար Ղազարյանի կենսագրությունն ու կենսափորձը, մեղմ ասած, տպավորիչ են, ներառյալ՝ Վայոց Ձորի մարզպետ, Լեհաստանում ՀՀ դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, բազմամյա դասախոս։
Էդգարը թերևս առաջին մարզպետն էր Հայաստանի պատմության մեջ, որը մարդկանց հետ շփվում էր ոչ թե օլիմպիական բարձունքներից, այլ ուղիղ ու հասարակ։ Դա ասում եմ՝ որպես մի քիչ Վայոցձորցի։ Ու որպես մի քիչ Վայոցձորցի՝ կարող եմ ասել նաև, որ Էդգարի պետական մտածողությունն ու հայրենասիրությունը գալիս է ընտանիքից։
Մեր մարզում բոլորը գիտեն ականավոր պետական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանին, և Էդգարը նրա արժանավոր զավակն է:
Ի դեպ, լուսահոգի Ֆերդինանդ Ղազարյանը եղել է 1990 թվականի գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, և ահա Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին կազմակերպում է մեր այդ պատմական խորհրդարանի պատգամավորների հավաք՝ նվիրված ՀՀ անկախության հռչակագրի 32-ամյակին, իսկ դրանից հետո՝ ժամը 17:00-ին, հավաքի է հրավիրում արդեն ՀՀ բոլո՛ր քաղաքացիներին։
Մինչդեռ «ժողովրդավար» նիկոլները ծիծաղելի պատրվակով խոչընդոտներ են հարուցում այդ հավաքի առջև։ Թե բա՝ Կառավարության շենքի դիմաց չի կարելի։ Ա՛յ ձեր լավը ցանկանամ, էդ նիկոլին կարելի է՞ր «Կառավարության շենքի մոտակայքում» հանրահավաք անել, օրինակ, 2018-ի օգոստոսի 17-ին, իսկ Էդգարին չի կարելի՞: Էդ ո՞նց էղավ, որ տենց էղավ, հը՞, ա՛յ քաղաքապետի տնազ ոմն Հրաչ։
Իսկ Դու՛ք, սիրելի ընթերցող, եթե դեռ չեք կողմնորոշվում՝ գնալ օգոստոսի 23-ին Էդգարի հրավիրած հանրահավաքին, թե ոչ, ապա իմ կարծիքով՝ ճիշտը գնալն է։
Ինչու՞: Որովհետև, նախ, Էդգարն իր ողջ կենսափորձով, Հայրենիքին մատուցած ծառայություններով, բարդ իրավիճակներում ամուր ու պինդ լինելով, շիտակությամբ ու ազնվությամբ վստահաբար վաստակե՛լ է այն իրավունքը, որ իր հրավերը հարգանքի արժանանա։ Երկրորդ, ի՞նչ ավելի կարևոր գործեր ունեք օգոստոսի 23-ին ժամը 17:00-ից հետո։ Եթե իսկապես ունեք, բան չունեմ ասելու։ Բայց եթե չունեք, հենա կարող եք վեր կենալ ու գնալ հանրահավաքի։ Երրորդ, նման հանրահավաքները լավ մարդկանց հետ շփվելու լավ առիթ են։ Ինչու՞ չօգտվել։
Այսքան բան։ Ի դեպ, նկարում դեսպան Էդգար Ղազարյանն է՝ իր մշակած ու առաջարկած՝ հայկական դիվանագիտական համազգեստով»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը
- Էդգար Ղազարյանը փաստերի արձանգրում է արել. օգոստոսի 3, 4, 14
- Իմ շատ մերձավորներ և ընկերներ ամենից շատ ինձ ասում են՝ զգույշ եղի. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը
- Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական ճանապարհ կա. Էդգար Ղազարյան
- Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի