Մեծ նախագիծ՝ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրություն․ Հասմիկ Պապյան
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
«Սիրելի երաժիշտներ,
Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի
օպերային ստուդիան մեծ նախագիծ ունի՝ իրականացնել Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունը, սեպտեմբեր ամսին, ամբողջապես կոնսերվատորիայի ուսանող երաժիշտների և երգիչների ուժերով։
Գերմանիայից մեզ են միացել հրաշալի դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը և դաշնակահարուհի-ռեժիսոր Լուսինե Խաչատրյանը։
Այս պահին մեզ անհրաժեշտ է համալրել նվագախմբի կազմը՝ լարային և փողային բոլոր հնարավոր գործիքներով։ Ովքեր որ կցանկանան մեզ միանալ, մասնակցելու այս հանճարեղ օպերայի բեմադրությունն իրականացնելու գործին, միայն ուրախ կլինենք։
Վաղը՝ օգոստոսի 23-ին, ժամը 13։00-16:00-ը աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը վարպետության դաս կանցկացնի օպերային ստուդիայում։ Նրան կմիանա նաև իր կինը, ալտահար՝ Անժելա Գարսիա Լոպես-Խաչատրյանը։
Սիրով սպասում ենք»։