ՊԵԿ շնագիտական կենտրոն է կառուցվում
Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակությանը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։
Հանդիպմանը քննարկվել է Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականի ընթացքում և այն նոր հնարավորություններ կընձեռի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանն առավել արդյունավետորեն իրականացնել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։