«Ո՞վ ես դու, Ռուբինյան, որ ինչ-որ ավտովթարի առիթով ցավակցություն ես հայտնում Քըլըչին». ԳԽ պատգամավոր
«Ներկայիս իշխանություններն Անկախության հռչակագրի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն»,- Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստում հայտարարեց ՀՀ ԳԽ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ իր սիրտը ցավում է դրա համար, քանի որ այս հռչակագիրը չեն ստեղծել, որ այդպես անտեսվի ու գնա։
«Չեմ ասում, որ խորհրդանշական նիստեր անենք, տարեդարձերը նշենք, այլ հետևենք դրա տառին ու ոգուն։ Մենք այսօր հեռացել ենք դրանից»,- ընդգծեց նա։
Մեխակ Մխիթարյանը հարց հնչեցրեց՝ արդյոք այսօր պահպանո՞ւմ ենք մեր երկրի ինքնիշխանությունը։
«Հռչակագրի մեջ նշված է՝ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացին։ Դուք կարո՞ղ եք հիշել մի դեպք նախկին իշխանությունների՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կառավարման տարիներին, որ մենք երբևէ մոռացության մատնած լինեինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։ Այսօր մենք խոսո՞ւմ ենք դրա մասին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, Մեխակ Մխիթարյանը օրինակ բերեց կառավարության նիստերը։
«Բոլորդ հավանաբար դիտում եք Կառավարության նիստերը, մեկ էլ մեջտեղից մի դուռ է բացվում, ներս է մտնում ոմն անձնավորություն, և բոլորն էն հայտնի կենդանու նման խրտնած վեր են թռնում։ Ես նման ժողովրդավարական երկիր չեմ տեսել, որ լինի նման անձի պաշտամունքի կամ դրսևորման այդպիսի էլեմենտ: Սա՞ է ժողովրդավարությունը, էս ո՞ւր ենք գնում, այդպիսի իրավիճակ երևի Կորեայում չկա՝ վեր թռնել, երկրպագել՝ մոլեռանդ ձևով»,- նշեց ԳԽ պատգամավորը։
Մեխակ Մխիթարյանը նշեց, որ իրենց մտահոգում է նաև երկրում ստեղծված իրավիճակը՝ պառակտվածությունը,խախտվել է նաև Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Արցախ եռամիասնությունը։
Նրա խոսքով՝ այսօր երկիրը կորցրել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Կառավարության գործունեությունում էլ ԳԽ պատգամավորը տեսնում է միայն «շիբինա-բիտումային» տրամաբանություն։
«Նայում եմ Կառավարության նիստերին քննարկվող հարցերն, ուղղակի ապշում ես։ Միթե այսօրվա իրավիճակում սրանք են մեր օրակարգային խնդիրները։ Նայում ես ԱԺ նիստերում էլ քըլըչային տրամադրություն է։
Հասել ենք այնտեղ, որ ԱԺ նախագահի տեղակալը, ցավակցություն է հայտնում Սերդար Քըլըչին Թուրքիայի ինչ-որ ավտովթարի կապակցությամբ։ Դու ինչ իրավունք ունես ժողովրդի անունից ցավակցություն հայտնես՝ այն դեպքում, երբ Ապրիլի 24-ին թուրքերը հավաքվում են Մարգարայի կամրջի մոտ, Ռամադանի առիթով դիտավորյալ քեֆ են անում։ Էդ ո՞նց եղավ, որ Թուրքիայում երկու մեքենա խփել են իրար, հիմա Քըլըչին պիտի ցավակցություն հայտնենք։ Ո՞վ ես դոււ, պարոն Ռուբինյան, քո հայրն էլ մեր հետ նստած է եղել ԳԽ-ում ու մեզ հետ միասին ժողովրդավարական գործընթացների հիմնադիրներից մեկն է», ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ներկայիս իշխանություններն Անկախության հռչակագրի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն. ԳԽ պատգամավոր
- Որդիաբար խնդրում եմ՝ տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու