«Փաստ». Ռուսական կողմը հաստատել է, որ դեռևս մեկ տարի կա նախագծի քննարկման համար
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, երեք տարում պիտի որոշվեր Լաչինի միջանցքի նոր երթուղին։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը արագորեն ավարտել է իր բաժին աշխատանքը: Արդյունքում արդեն օգոստոսի 25-ին Աղավնո, Բերձոր համայնքներն ամբողջովին դատարկված են լինելու:
Դեռ օգոստոսի 3-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել էր. «Կողմերի համաձայնեցմամբ, երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Նա նաև հավելել էր, թե այդ պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի։
«Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել», -նշել էր Գրիգորյանը: Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն էլ օրերս նշել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Այսուամենայնիվ, մենք մտահոգիչ տեղեկություններ ենք ստացել, որ հենց օգոստոսի 25-ից միջանցքը կարող է փակվել, թեպետ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմը չի կառուցել:
Ըստ Հայաստանի պաշտոնյաների, դա նախատեսվում է գարնանը: Հարցի հետ կապված «Փաստը» դիմել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին՝ հարցնելով՝ եթե ճանապարհը փակվեց, այս դեպքում ինչպե՞ս է ապահովվելու կապը Հայաստանի և Արցախի միջև: «Նման տեղեկություն` ամսաթվով և այլն, և այլն, ես չունեմ: Համենայն դեպս, ճանապարհը ոչ թե փակվելու է, այլ միջանցքը տեղափոխվելու է, այսինքն` խոսքը ոչ թե փակվելու, այլ միջանցքի տեղափոխության մասին է: Բայց ամսաթիվ և այլ հստակ որևէ բան ասել չեմ կարող»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Ավանեսյանը:
Ճշտող հարցին` իսկ ճանապարհի տեղափոխման մասով որևէ ամսաթիվ հստակեցվա՞ծ է, ասաց. «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ: Համենայն դեպս, եթե ճանապարհի հետ կապված ինչ-որ բան լինի, հայտարարություն լինելու է: Այնպես չէ, որ քաղաքացիները մնալու են առանց կապի»:
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ վաղը (այսօր-խմբ.), հավանական է, ճանապարհի հետ կապված կոնկրետ պարզաբանումներ կունենան ռուսական կողմից: «Կարծում եմ՝ ռուսական կողմը մինչև այդ մեզ պարզաբանումներ կտա, և մենք վաղն ավելի հստակ կիմանանք ճանապարհի հետ կապված կոնկրետ օր դրված է, թե ոչ, որովհետև այս պահի դրությամբ հստակ օր ռուսական կողմից դրված չէ:
Իրականում մինչև հիմա մեզ համար գաղտնիք է, թե ով է ընդհանրապես նման ժամկետներ ու վերջնաժամկետներ հաստատում: Որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա այդ առումով: Ամեն դեպքում, խիստ կասկածներ ունեմ, որ այդ ճանապարհը չի օգտագործվելու: Մի բան, որը հավանական է լինի, կապված է Ստեփանակերտից դեպի Հայաստան գնացող՝ ԼՂԻՄ-ի մասը շրջանցող 3 կիլոմետրանոց հատվածի հետ, որը հիմա Արցախի իշխանություններն են կառուցում: Իսկ մնացած ճանապարհը, ըստ ռուսական կողմի, մեկ տարի դեռևս օգտագործվելու է. ռուսական կողմը հաստատել է, որ դեռևս մեկ տարի կա նախագծի քննարկման համար»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Առաջին հերթին նկատի է առնվում զուտ իշխանության «գրպանում» լինելու փաստը
- «Հրապարակ». Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը
- «Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Հրապարակ». Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա