Դուգինայի սպանության մեջ կասկածվողի հայրն է խոսել
Լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանության մեջ մեղադրվող Նատալյա Վովկի հայրը պատմել է, որ իր աղջիկը որոշ ժամանակ առաջ մեկնել էր Եվրոպա որպես փախստական։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայրն ասել է. «Նա եվրոպայում էր, իբր Ֆրանսիայում՝ որպես փախստական։ Հետո նրան դուր չէր եկել, նա վերադարձավ Լեհաստան, ապա՝ Ուկրաինա»։
Նրա խոսքով, մի քանի օր առաջ դուստրը զանգել է իրն ու հիշեցրել՝ որ Մերձբալթիկայում է։
«Այսպիսի երկխոսություն էր. «Ո՞նց են գործերը»։ «Ամեն ինչ կարգին է»։ Ինտերնետով էր զանգել, սկայպով կամ ուրիշ հավելվածով։ Ասաց՝ կարծես Լիտվայում է»,-նշել է կասկածյալի հայրը։
Նրա խոսքով, աղջիկն ասել է, որ իրենց հրաձգարան են բերել, բայց չգիտի՝ կրակե՞լ են, թե՞ ոչ, սակայն պնդել է, դուստրը Դոնբասում հակաահաբեկչական գործողության ընդհանրապես չի մասնակցել։
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը։
«Պարզվել է, որ հանցագործությունը պատրաստվել և կատարվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Կատարողը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է, որը ծնվել է 1979 թվականին», - ասված էր հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ում ճշտել են, որ Վովկը 12-ամյա դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի 23-ին և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրել է Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար:
Աղջկան հետևելու համար հանցագործն օգտագործել է «Mini Cooper»։ Ռուսաստան մուտք գործելիս մեքենաներն ունեցել են ԴԺՀ-ի համարներ, Մոսկվայում՝ ղազախական, իսկ մեկնելիս՝ ուկրաինական։
Սպանության օրը Վովկը դստեր հետ գտնվել է «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնին, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան իրականացրել է Toyota Land Cruiser Prado-ի պայթեցումը, որի ղեկին եղել է լրագրողուհին: Դրանից հետո Վովկը աղջկա հետ Պսկովի մարզով մեկնել է Էստոնիա։
Հիշեցնենք, որ լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան մահացել է օգոստոսի 20-ի երեկոյան։ Նախնական վարկածի համաձայն ՝ մեքենայում պայթուցիկ սարք է գործարկվել։
Դարիա Դուգինան ռուս փիլիսոփա, քաղաքագետ, հրապարակախոս, պրոֆեսոր, նեոեվրասիականության, փիլիսոփայական և քաղաքական շարժման հիմնադիր Ալեքսանդր Դուգինի դուստրն է։