Ինչո՞ւ չեք լսում մեր Հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին․ Նաիրա Մելիքյան
Պատերազմից անցել է երկու տարի, սակայն բարձրագույն հրամանատարական կազմից մինչ օրս պատժված ոչ ոք չկա։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ շեշտելով, որ դավաճանական, ծախված պատերազմում հրամանատարական կազմի սխալ հրամանների արդյունքում են իրենց որդիները զոհվել։
«Մենք՝ Ցորի ծնողներով, գրեթե 14 ամիս փնտրել ենք մեր երեխաներին։ Երբ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին առանք բոթը, հույս ունեինք, որ մի քանի օրվա ընթացքում մեր երեխաների մարմինները կտան և պատշաճ կերպով կհուղարկավորենք։ Բայց 14 ամիս մենք անասելի մղձավանջի մեջ էինք և չգիտեմ, թե ինչպես չենք խելագարվել։ Երբ մեր երեխաների մասունքները հանեցին, յուրաքանչյուր երեխայից մեկ ոսկոր ենք ստացել, իմ երեխայից մեկ ազդրի ոսկոր եմ ստացել և մինչ օրս էլ չգիտեմ, թե որտեղ է նրա մարմինը»,-ասաց Մելիքյանը։
Տիկին Նաիրան հավելում է, որ իրենց երեխաներն այլևս չկան, բայց ապրողների համար պարտավոր ենք պայքարել, որ ունենան հայրեինք։
«Սրանք պարզապես խոսքեր չեն, ժողովուրդ։ Ես ամեն օր անցնում եմ դժոխքի միջով և չեմ ուզում,որ նույնը կրկնվի Ձեր երեխաների հետ։ Բայց այն, ինչ անում է այս իշխանությունը, այս թուրքական խունտան, ամեն օր հանձնելով մեր հայրենիքի մի մասը, հողը, որի վրա դեռ չի չորացել մեր երեխաների արյունը, ցավն ավելի է խորացնում։ Իսկապես ստացվում է, ինչպես ասում էր տիկին Աննա Հակոբյանը, մեր երեխաները զոհվել են հանուն ոչնչի...»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի ծնողը նշում է, որ ավելի սարսափեցնող է համատարած անտարբերությունը։
«Ինչո՞ւ չեք լսում մեր հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին։ Չէ որ որևէ ազգ այս հողի համար այդքան արյուն չի թափել, որքան մենք։ Եվ վերջապես, մենք պե՞տք է ապացուցենք, որ ազգ ենք, ոչ թե խառնամբոխ։ Վերջապես պետք է դասեր քաղենք պատմությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում անցկացվում է հանրահավաքը
- Էդգար Ղազարյան. Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել չի ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին