«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին եւ հայտնել, որ որոշումը կայացված է, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը:
Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում են, թե Հակակոռուպցիոն կոմիտեն որ նորանշանակ դատավորին է մակագրելու քրեական գործը: Այս իրավիճակին զուգահեռ՝ Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց առողջական խնդրի հետ կապված հետազոտման ենթարկելու: Անցել է 1,5 ամիս, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ստեփան Գալստյանի նամակին: Անթույլատրելի վարքագիծ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան