Թուրքիայում կոչ են արել իշխանությանը քայլեր ձեռնարկել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով
Թուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։
Հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ, գրում է Էրմենիհաբերը։
Դրանում մասնավորապես նշվել է․
«Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի և մաֆիայի չափերը հասել են մի վիճակի, որ հնարավոր չէ թաքցնել։ Հաբլեմիթօղլուի սպանությունը պատվիրող Լևենթ Գյոքթաշի՝ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրն է օրակարգում հայտնվել, որը ցանկացել են կազմակերպել 2016 թվականին, ընդ որում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Ավելի ուշ սպանությունը բացահայտած անձն սպառնացել Է դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Կարո Փայլանին՝ ասելով. «Մենք քեզ երկու անգամ ենք մեր աչքի տակ առել, եթե ուզենայինք, կանեինք»։
Այս սպառնալիքն անհավատալի է։
Ավազակախմբի անդամներն ասում են, որ երկու անգամ հետևել են պատգամավորին, հրաժարվել են սպանել նրան, որպեսզի նա հերոս չդառնա, և նրանք կարողանում են ազատ շրջել՝ առանց ձերբակալվելու կամ քրեական հետապնդման:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում քաղաքական իշխանությանը, բոլոր քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային գործի անցնել խորքային պետության և մաֆիայի ուժերի դեմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեն պնդել է, որ 2016 թվականին Կարո Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Նա Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել է, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։ Փայլանն օրեր առաջ սպանության ծրագրի բացահայտման համար հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան