Օգոստոսի 26-ին և 27-ին Երևանում կկայանա «Ձյունե թագուհին» սառցե ներկայացումը
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կներկայացվի «Ձյունե թագուհին» սառցե շոուն: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, այժմ նախապատրաստական վերջին աշխատանքներն են, փորձերը:
Դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են՝ տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից:
«Միջազգային կարգի մեծ շոու ծրագիր է նախատեսված։ Կլինեն նաև կրկեսային հնարքներ, գեղասահորդների կողմից բարդ ցատկեր, նաև պարային համարներ՝ սառույցի վրա։ Այս ամենն արվում է, որ ներկայացումն ավելի իրական լինի, և գտնվենք իրական հեքիաթում»,-ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանը:
Կայի ու Գերդայի ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ:
«Այսպիսի հրաշալի երաժշտության ներքո հանդես գալը միայն հաճույք է։ Ամեն ինչ լինելու է շատ գունեղ և հեքիաթային»,-ասում է աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան:
«Կայի դերում լինելու եմ ձյունե թագուհու ազդեցության տակ։ Ինձ հերոսաբար կփրկի իմ ընկերը՝ Գերդան։ Մեր կյանքոմ այսօր հեքիաթները պակասում են, մարդիկ, տեսնելով ներկայացումը, հուսով ենք՝ մի փոքր կզգան այդ հեքիաթը»,- ասում է Հայաստանի գեղասահքի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Սեմյոն Դանիլյանցը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող մեծամասշտաբ նախագիծը հագեցած կլինի լուսային և ձայնային ձևավորմամբ: Հատուկ այդ նպատակով դեկորացիաների, հագուստների մեծ մասը բերվել է արտերկրից:
«Պտտվող բեմ, շարժվող կառքեր. ներկայացումը հագեցած է տեխնիկական տարբեր հնարավորություններով: Իսկապես մասշտաբային ծրագիր է լինելու»,- նշում է աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին:
«Շոուն միանգամայն ցնցող է լինելու։ Կարծում եմ՝ սա հետաքրքիր համադրություն է թատրոնի, գեղասահքի և ակրոբատիկայի»,- նշում է ակրոբատ Կատարժինա Ֆլորչուկը:
«Դիտարժան միջոցառում է, որն իր մասշտաբներով առաջին անգամ է Հայաստանում։ Մասնակիցները լիենելու են աշխարհի լավագույն գեղասահորդները։ Սա բավական լուրջ խթան է՝ գեղասահք մարզաձևը տարածելու համար»,-ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանը:
Ներկայացման օրը Ձյունե թագուհին թելադրելու է իր եղանակը: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ներկայացմանը գալ տաք հագուստով։