«Մետաքսյա Եռյակ». Երեք կանանց աշխատանքները՝ մեկ ցուցահանդեսում
Մետաքսի վրա նկարելու ձիրքը, նուրբ կտորին հայկականություն հաղորդելու ձգտումը, գույների նկատմամբ սերը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարկի տակ է ժողովել երեք ստեղծագործող կանանց ու նրանց աշխատանքները։
«Մետաքսյա Եռյակ» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանաքներն են ներկայացրել Արմենուհի Սաղդասարյանը /Սաղարթ/, Գոհար Մաճկալյանը և Թանիա Մազեճեանը: Նրանք համագործակցում են՝ բացահայտելու ու ներկայացնելու մետաքսանկարչության գրավիչ ու գեղեցիկ աշխարհը, օրինակ դառնալու նաև այլ կանանց համար՝ զբաղվելու կիրառական արվեստի այս ճյուղով։ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ երեկ՝ օգոստոսի 24-ին։
Տարիներ շարունակ ապրելով Լիբանանում ու տարված լինելով արաբական մշակույթով, գեղագրությամբ՝ Արմենուհի Սաղդասարյանը մտմտում էր այս գաղափարն իրականություն դարձնելու մասին։ Սա երկրորդ ցուցահանդեսն է, առաջինն անհատական էր։ Ասում է՝ հանգրվան առ հանգրվան առաջ է գնում, իսկ այդ ճանապարհին յուրաքանչյուր ձեռքբերման, հաջողության համար շնորհակալ ու երախտապարտ է ընտանիքի անդամներին։
«Իմ ներշնչումներն ամբողջը հայկական այբուբենի ու զարդարվեստի շուրջ են, որոնք ներկայացնում են մեր ժողովրդի դարավոր նյութական ու հոգևոր մշակութային ընթացքը։ Իմ նպատակն է այս աշխատանքերի միջոցով մեր ունեցած հնադարյա ժառանգությանը նոր շունչ պարգևել»,-մինչև ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմենուհի Սաղդասարյանը։
Թանիա Մազեճեանն էլ Հայաստան եկել է Բեյրութից։ Հայրիկի օգնությամբ փոքր տարիքից նկարում էր, Հայաստան տեղափոխվելուց հետո զարգացրեց ձիրքը։ Ցուցահանդեսին մասնակցելու միտքն էլ մի քանի ամսում կյանք տվեց Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում ներկայացրած նրա աշխատանքներին։
«Իմ նկարները բազմազան են, իմ բոլոր մտածումները, զգացմունքները կարող եք գտնել դրանց մեջ»,-նշեց Թանիա Մազեճեանը։
Իր աշխատանքներից առանձնացնում է «Անանուն»-ը։ Ասում է՝ սիրով է նվիրում գործերը ընկերներին, բարեկամներին, հարազատներին։
Գոհար Մաճկալյանը բատիկով զբաղվում է երկար տարիներ։ Աշխատանքներն առաջին անգամ ներկայացրեց 2014 թ անհատական ցուցահանդեսում, որը տեղի ունեցավ Դիլիջանում։
«Ինձ շատ գրավեց բատիկի տեխնիկան, բազմազանությունը, որը հնարավարություն է տալիս անվերջ, անսահման, անկաշկանդ աշխատել մետաքսի հետ։ Բատիկը դարձել է իմ կյանքը, առօրյան, կենսակերպը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մաճկալյանն իր աշխատանքներում համադրել, միաձուլել է հայկական եկեղեցիներն ու ձեռագրերը։
«Կարող եմ ասել՝ այդ նոր մոտեցումն ինձ հաջողվեց։ Այս շարքը շարունակվում է»,-նշեց նա։
Նա նկատում է, որ Հայաստանում տարեցտարի բատիկի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։
Բատիկա աշխատանքները ներկայացվում են որպես նկար, կարված հագուստ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Ծագումնաբանական տեսանկյունից չլինելով հայկական՝ այն արմատավորվել է հայ արվեստագետների մոտ, իր տարբեր տեսակներով ու դրսևորումներով ստացել հայկական նոր շունչ և ինքնատիպություն։
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։