Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու:
«Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։
Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է:
Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»,- գրում է Սուրեն Սարգսյանը։