15-ամյա դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Լյուսի Իշխանյանը «Music and Stars Awards» միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի: Այդ մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով մրցույթի կայքին։
Միջազգային մրցույթի կազմակերպիչն իսպանացի հայտնի դաշնակահար Կարլս Լաման է: Վերջինս, այս մրցույթից բացի հիմնադրել է նաև մի շարք այլ միջազգային մրցույթներ և փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:
Լյուսի Իշխանյանը երաժշտություն է սովորում 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան: Իր հաջողությունների համար Լյուսին պարտական է ինչպես իր ընտանիքին (որ փոքր տարիքից նրան ծանոթացրել է արվեստի աշխարհի հետ), այնպես էլ ուսուցչուհուն՝ Ռոզա Թանդիլյանին:
91-ամյա ուսուցչուհին իր ողջ ուժերը ներդնում է լավագույն աշակերտներ պատրաստելու գործում, եղել է Առնո Բաբաջանյանի սաներից:
Լյուսի Իշխանյանը տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել և միշտ դափնեկրի կոչում ստացել: Իսկ օրերս տաղանդավոր հայուհին London international music competition միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Նա մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում և ստանալ պրոֆեսիոնալ կրթություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան