Քո սերը մի ուրիշ աշխարհ էր. այսօր սիրո երգիչ Հայկոյի ծննդյան օրն է
«Հայկոյի մեջ սեր կար, շատ սեր»,- այսպես են ընկերները բնութագրում երգիչ, երգահան Հայկոյին։ Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայկոն կդառնար 49 տարեկան։
Հարազատները, ընկերները երգչի ծնունդն առաջին անգամ կնշեն առանց Հայկոյի, սակայն մեծ բեմում՝ Հայկոյի երգերով, նրա մասին պատմություններով ու հիշողություններով։
«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեծ համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին։
«Սերը սիրուց հետո՝ կարոտով...» խորագիրը կրող համերգին կներկայացվեն Հայկոյի երգերը, կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ և մեծ նվագախմբի կատարմամբ։
Վաղ առավոտից սոցիալական ցանցերը ողողված են Հայկոյի նկարներով, երգերով, նրա մասին հուշերով։ «Երկնային ծնունդդ շնորհավոր, սիրո հավերժ երգիչ». «Դու միշտ կմնաս մեր սրտերում», «Սեր Հայկո», «Ապրեց այնպես, որ իրեն միշտ հիշեն», «Քո սերը մի ուրիշ աշխարհ էր», գրում են նրա ընկերները, հարազատներն ու երկրպագուներն ու նշում, որ Հայկոն շարունակում է ապրել՝ իր երգերի, իր թողած բարի անունի շնորհիվ։
Նշենք, որ ամիսներ առաջ իր գործունեությունը սկսեց «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։
Հիմնադրամը նախատեսում է իրականացնել մշակութային և կրթական մի շարք ծրագրեր։
Այսօրվա համերգից հետո նախատեսվում է ևս մեկ համերգ Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբերի 10-ին։
Բացի այդ, նաև նախատեսվում է ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը, որը կանցկացվի ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։
Հայկ Բորիսի Հակոբյանը ծնվել է 1973 թվականին։
Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։
2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։
2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան