Ճապոնիայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է Աբեի սպանության պատճառով իր հրաժարականի մասին
Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչության պետ Իտարու Նակամուրան հայտարարել է իր հրաժարականի մասին, որպեսզի ստանձնի անվտանգության ապահովման թերացումների պատասխանատվությունը, որոնք հանգեցրել են հուլիսի 8-ին նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անվտանգության համակարգը հիմնովին վերանայվելու է»,- ասել է նա։
Kyodo գործակալությունը նշել է, որ նա արդեն հայտնել է Հանրային անվտանգության հանձնաժողովին հրաժարական տալու իր ցանկության մասին։
Ինչպես նշվում է, իրավապահ մարմինների գործողությունների հետաքննության արդյունքում ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ տեղի ունեցածի գործոններից մեկը Աբեի ելույթից անմիջապես առաջ իրավապահների դասավորության փոփոխություններն են, որի ժամանակ նա սպանվել է։ Դրա պատճառով հանցագործն անարգել մոտեցել է Աբեին։
Ներքին քննության արդյունքներով որոշում է կայացվել նաև կարգապահական պատասխանատվության ենթարկել չորս ոստիկանի ՝ անվտանգության ոչ բավարար միջոցառումների պատճառով:
Աբեն հարձակման էր ենթարկվել հուլիսի 8-ին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա Տեցույա Յամագամին ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա առաջին կրակոցն արձակել է 7 մ հեռավորությունից, որից մոտ երկու-երեք վայրկյանում Աբեին մոտեցել է և արձակել երկրորդ կրակոցը, որը դարձել է մահացու։
Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյուն են ներարկել ու մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել։ Աբեն 67 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան արգելելու է Պուտինին մասնակցել Տոկիոյում Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել