«Ժողովուրդ». Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում. Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան և չի ավարտել։
Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 և ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաև 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը և եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:
-Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:
-Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, և բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, և որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:
-Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել և այդ պատճառով չի հաղթահարել քննությունները և դուրս է մնացել համալսարանից։
-Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:
-Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:
-Կարծում եմ՝ մեկ սեմեստր, և հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս ևս մեկ քննություն և երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:
-Իսկ հաճախե՞լ է դասերին, ինչպե՞ս է իրեն դրսևորել, քանի որ Ազգային ժողովում նա աչքի է ընկնում միայն ագրեսիվ և կռվարար վարքագծով:
-Չեմ կարող նման բնորոշումներ տալ. իմ պատկերացմամբ՝ նա պարզապես չէր աշխատում: Կարծում եմ՝ երևի ժամանակ չտրամադրեց, չստացվեց: Այսքանը:
Հ.Գ. Փաստորեն, պատգամավորը իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նեգատիվ տարածելով երկրի թիվ մեկ ամբիոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա