Նոր Հաճնի քաղաքապետարանից առևանգել են մի կնոջ և ամուսնուց 200 հազար դրամ պահանջել
Օգոստոսի 24-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել է, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվել է, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։
Պարզվել է նաև, որ առևանգած կնոջը նրանք պահում են Երևանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, և միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։
Առևանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերել են Երևանի Ահարոնյան փողոցում և ձերբակալել։
Ոստիկանությունից հայտնում են, ըստ նախնական տվյալների՝ առևանգվածի ամուսնու և առևանգողների միջև պարտք ու պահանջի խնդիր է եղել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն: