Վազաշենում տեղի ունեցած սպանության գործով կալանավորված կա
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջևան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան համայնքի 32-ամյա բնակչի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, գումարային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել վերջինիս և հիշյալ 23-ամյա երիտասարդի միջև, որը շարունակվել է Վազաշեն բնակավայրին հարող հանդամասում: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը մեքենայից վերցված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: