Արցախցի պատգամավոր. Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը ողջունելի է
Արցախի Հանրապետության պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։
Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի։
Այն արցախահայության համար նշանակում է ինքնորոշման իրավունքի համար պայքարում աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։
Պատերազմում ունեցած հաղթանակով ոգևորված մեր հարևանների նման պահվածքն էլ մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ինչ որ չափով հասկանալի (մենք նույնպես 1994 -ի հաղթանակից հետո պնդում էինք, որ մեր հարցը լուծված է)։
Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի և այն պիտի լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում՝ հիմքում ունենալով միջազգային իրավունք ու միջազգային փաստաթղթերը։
Մնացածը պաթոս է, հեքիաթ և իրավիճակի խեղաթյուրում՝ առանց տարբերության, թե որ կողմից և ինչ նպատակներով է դա արվում»։
«Այսօր Շուշիում չեն Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- հայտարարել էր Հաջիևը՝ ելությ ունենալով ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիում։
Նա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։