Մենք կարծում ենք՝ ՏԻՄ-ի վրա կան լուրջ ճնշումներ ընկերության կողմից․ Ենոքյան
Օրերս Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մարզադաշտում կայացավ «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը։ Նշենք,որ վերջնական արձանագրության մասին բնակիչները տեղյակ չեն՝ համայնքը բացասական կարծիք է տվել, թե՝ դրական։
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն ավելի քան տասը տարի է տարբեր ընկերությունների անվան տակ ցանկություն է հայտնել, որպեսզի ստանա հողատարածք՝ հետախուզություն իրականացնելու համար։ Սակայն յուրաքանչյուր անգամ բնակչությունը դեմ է արտահայտվել։
«Այս հանրային լսմանը կարողացել են որոշակի մարդկանց խումբ հավաքել, որոնք Գլաձորի մարզադաշտում ճնշում էին գործադրում այն անձանց դեմ,որոնք հանքի ուսումնասիրություններին դեմ կարծիք էին ուզում արտահայտել։ Դա դրսևորվում էր վիրավորանքներով, սուլոցներով, լռեցնելով դիմացինի ձայնը։ Ազակիր համայնքի բնակիչների մեծ մասը դեմ է, պարզապես ընկերությանը հաջողվել է մոտ 100 անձ ներգրավել այս գործընթացքում և իրենց կողմնակից հռչակել։ Երբ համայնքի ղեկավարը հայտարարեց, թե ինքը չի մասնակելու քննարկմանը և հեռացավ՝ որևէ պարզաբանում չտալով։ Մոտ 1,5 ժամ հետո իրեն ստիպեցին հետ գալ և հանրային քննարկում իրականացնել։ Ժամը՝ ուշ, տեղն՝ անհարմար, տեսախցիկի լույսի տակ սկսեցին ստորագրություններ հավաքել, որոնց իսկությունն այս պահին դրված է կասկածի տակ։ Բացի այդ, մենք տեղեկություն ունենք, որ իբրև կայացած հանրային լսմանը Եղեգնաձորի ՏԻՄ-ը տվել է բացասական եզրակացություն։ Մենք կարծում ենք՝ ՏԻՄ-ի վրա կան լուրջ ճնշումներ ընկերության կողմից»,- պատմեց Ենոքյանը։
Քննարկումն անցել է պայթյունավտանգ իրավիճակում։Panorama.am-ին հայտնեց Վերնաշեն գյուղի բնակիչ Հայկուհի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ գյուղի զգալի մասը դեմ է որևէ երկրաբանական ուսումնասիրության և հետագայում հանքավայրի շահագործման աշխատանքներին։
«Վերնաշեն գյուղում միջինից բարձր տարիքի ապրող սերունդ կա, որը տեղյակ է ԽՍՀՄ տարիներին իրականացրած երկրաբանահետախուզական աշխատանքների մասին։ Վտանգավորության աստիճանն այնքան բարձր է եղել,որ որոշել են հանքը չշահագործել։ Այսինքն՝ բնակիչներին տեղափոխելու խնդիր է առաջացել, քանի որ ցրված ուրանի մեծ պաշարներ կան։ Հիմա էլ այդ տարածքում, որտեղ կատարվել են հորատումներ, բուսականություն չի աճում, թեև 50-ից ավելի տարի է անցել։ Այսինքն՝ տեղացիները, նաև նրանց սերունդները, տեղակ են,թե ինչ է կատարվել, հետևաբար չեն կարող կողմ լինել հանքավայրի շահագործմանը»,- ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով, սակայն հանրային քննարկման ընթացքում այս ամենը ներկայացնելու, ինչպես նաև ընկերության ծրագիրը լսելու հնարավորություն չեն ունեցել։
«Եկել էին ուղորդված մարդիկ և թույլ չէին տալիս, որ որևէ մեկը կարծիք արտահայտի։ Չկար առողջ մթնոլորտ, որ գոնե մի փորձագետ կարծիք արտահայտեր, թեկուզ իրենք հիմնավորեին, թե ինչու պետք է այդ հանքը աշխատի, ինչ վնաս կարող է հասցնել բնությանը կամ համայնքներն ինչ օգուտներ են ունենալու։ Ոչ մի առողջ քննադատություն, փոխարենը՝ միայն ճնշում որոշ մարդկանց կողմից»։
Ազդակիր մեկ այլ համայնքի՝ Գլաձորի բնակչության մեծ մասն էլ կողմ է և՛ երկրաբանական ուսումնասիրությանը, և՛ հանքավայրի շահագործմանը։ Նրանք այդ մասին բարձրաձայնել են քննարկման ընթացքում՝ առաջ քաելով աշխատատեղերի բացակայության խնդիրը։Թեև ընդամենը մի քանի տարի առաջ դեմ էին։ Ինչևէ, մեր զրուցակիցն ասում է, որ հաջողվել է երկու սերտ համայնքներին միմյանց դեմ տրամադրել։
««Բաժանիր, որ տիրես» ծրագիրը լավ իրականացվում է համայնքներում՝ հենց այդ հանքերի ծրագրերն առաջ քաշելով։ Մարդկանց միմյանց դեմ են տրամադրում։ Գլաձոր և Վերնաշեն գյուղերն իրար շատ մոտ են, նույնիսկ բարեկամական հարաբերություններ կան միմյանց միջև։ Սակայն ստեղծված իրավիճակը երկու գյուղերի բնակիչներին ստիպել է միմյանց դեմ տրամադրվել։ Այսօր իրավիճակը, կարող եմ ասել, շատ ծանր է»։
Առաքելյանն ասում է, որ կա պետական ծրագիր՝ նոր ջրամբար կառուցելու և շուտով այդ տարածքներում ոռոգման խնդիր այլևս չի լինելու։ Նա նաև նշում է, որ կա հսկայական պոտենցյալ տուրզմի զարգացման համար, սակայն ոչինչ չի արվում,քանզի նպատակ կա հանքարդյունաբերական ծրագրերն իրականացնելու։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին