«Փաստ». Մեծ գնաճի ֆոնին իշխանությունը որպես մեծագույն լավություն, աննախադեպ է համարում միջին կենսաթոշակի ու նպաստների 1900 դրամով բարձրացումը
«Փաստ» թերթը գրում է.
«Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային 12 ապրանքախմբում գնաճ է գրանցվել: Մասնավորաբար, բանջարեղենի գինն աճել է 48,7 %-ով, հացաբուլկեղենինն ու ձավարեղենինը՝ 17,1 %-ով, մսինը՝ 10,6 %-ով, շաքարավազինը՝ 9,8 %-ով: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցների և ծառայությունների գծով:
Պարարտանյութերի գինը բարձրացել է ավելի քան 70,7 %-ով, սերմացուներինը և տնկիներինը՝ 24,5 %-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 23,2 %-ով, թունաքիմիկատներինը՝ 22,4 %-ով, անասնակերինը՝ 21,7 %-ով, մեքենասարքավորումներինը և պահեստամասերինը՝ 20,7 %-ով: Եվ այս ֆոնին իշխանությունները որպես մեծագույն լավություն, աննախադեպ, պատմական իրադարձություն են համարում միջին կենսաթոշակի ու նպաստների 1900 դրամով բարձրացումը:
«Եթե հաշվի առնենք, որ գնաճային ֆոնը տնտեսությունում 2020 թվականի դեկտեմբերից է սկսվել ու որևէ կերպ չի մեղմվում, ապա, բնականաբար, մենք կարող ենք խոսել պերմանենտ գնաճային խնդիրների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան:
Խաչատրյանը նաև նշեց, որ կենսաթոշակներն ու նպաստները համապատասխան չափով բարձրացնելու համար կառավարությունը գումարի խնդիր այս պահին չունի, պարզապես «այս կառավարության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան