Զինավոր Մեղրյան. Աղջոց վանքն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց
Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրերս Աղջոց վանքում էի։ Չգիտեմ՝ լսե՞լ եք արդյոք վանական այս համալիրի մասին։ Նրանց, ովքեր տեղյակ չեն, ասեմ՝ Խոսրովի արգելոցում է գտնվում վանքը: Երևանին շատ մոտ է։ Մեր հոգևոր մշակույթի կարևոր օջախներից մեկը, որը, սակայն, այսօր խոնարհված է։ Ավերվել է 1679թ. երկրաշարժից…
Ինչու՞ եմ գրում այս ամենը։ Աղջոց վանքում՝ Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջև, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը։ Հոգևոր Հայաստանի մուտքը։ Այո՛ ավիրված, այո՛ խոնարհված, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից։
Մտածում եմ՝ Աղջոց վանքն իսկապես խորհրդավոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել։ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգություն ունենք, ինչպե՞ս ենք վերաբերվում ինքներս մեզ… և այլն, և այլն։ Ընդհանրապես, Աղջոց վանքը հրաշք մի կառույց է, որտեղ մարդը, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականության ու հայության մասին։ Այն պետք է վերականգնվի։
Հարգելի ընկերներ և գործընկերներ, խոսքերով նկարագրելու բան չէ վանական այս համալիրը։ Այն պետք է տեսնել։ Տեսնել ու զգալ։ Զգալ ու հավատալ։ Հավատալ ու գործել, որպեսզի մեր ժողովուրդը լինի ավելի ճիշտ, ավելի կիրթ, ավելի նպատակասլաց, ավելի վեհ, ավելի հոգևոր…
Շաբաթ օրը ծրագրում եմ նորից գնալ Աղջոց վանք։ Ընկերներիս և հետաքրքված մարդկանց հրավիրում եմ միանալ ինձ։ Գնանք, տեսնենք ու պատմենք մարդկանց այդ հրաշքի մասին։ Շատ զգացված կլինեմ, եթե լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ այցելեն վանական համալիր։ Վստահեցնում եմ՝ սա իսկապես հետաքրքիր այց կլինի։ Հետաքրքիր թե՛ մասնակիցների և թե՛ հանրության լայն շերտերի համար։ Ովքեր կցանկանան այցելել Աղջոց վանք, խնդրում եմ տեղեկացրեք, պայմանավորվենք և միասին գնանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան