Ձյուդոյիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, օգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
Նախապատրաստվելով այդ առաջնությանը՝ թիմն օգոստոսի 10-ից վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել է Վրաստանի Գորի քաղաքում:
Գոռն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկանում հաղթանակի է հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Նիդերլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ է տարել արդեն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:
ԿԳՄՍ նախարարությունից նշում են՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնություններում սա անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի մասնակցությունը բավարար է գնահատում.
«Նախկինում աշխարհի պատանիների առաջնությունում ոսկե մեդալակիր չէինք ունեցել: Գոռը լավ էր պատրաստվել: Հասկանում ենք, որ սա աշխարհի առաջնություն էր, մրցակցությունը բավական մեծ էր, այնպես որ, արդյունքները բավարար եմ գնահատում»,- ասել է Հովհաննես Դավթյանը՝ ընդգծելով, սակայն, որ մեդալային ակնկալիքներ ունեին նաև 50 և 55 կգ քաշային մարզիկներից:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, սակայն պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում և վերջնարդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայ ձյուդոյիստներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան