ՌԴ ԱԳՆ. Անկեղծորեն բարձր ենք գնահատում բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է զետեղվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը մեծապես որոշեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։ Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իսկական դաշինքի մակարդակի հասցնելու ճանապարհին։
Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն շրջանակում՝ այն լրացնելով հստակ բովանդակությամբ և բարձրացնելով փոխգործակցության արդյունավետությունը։
Երկկողմ ներուժի ձևավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլև համադրել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ: 2022 թվականի ապրիլի 19-20-ը ՀՀ կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ընդունված ՌԴ Նախագահ Վ.Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարությունը հաստատում է 1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը։
Վճռականորեն մտադրված ենք շարունակել առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին՝ պաշտպանունակության, սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանման միջով: Ռուսական խաղաղապահ զորախումբը մնում է Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը:
Մենք անկեղծորեն բարձր ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարգավաճման»։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը փշրված է
- ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան