Պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանի 70 և հասարակական գործունեության 45 ամյակն է
Օգոստոսի 28-ին լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Հմայակի Վարդանյանի 70 և հասարակական գործունեության 45 ամյակը: Այս մասին տեղեկացնում է Երևանի բուսաբանական այգին։
«Նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են ավելի քան 170 գիտական աշխատություններում, այդ թվում 13 մենագրություններում ու դասագրքերում ( “Деревья и кустарники Армении в природе и культуре”, «Ծառագիտություն», “Научные основы интродукции древесных растений в Армении”, համահեղինակությամբ՝ «Գեղազարդ ծառեր և թփեր կանաչապատման համար» և «Ծառաբույսերի աճեցման և գեղազարդ տնկարկների ստեղծման առանձնահատկությունները Հայաստանում»)։
Գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆ. Ժ. Վարդանյանն արժանացել է տարբեր պարգևների՝ ՀՀ ԳԱԱ գովեստագրի (1985 թ), Վաստակագրի (2008 թ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալի (2011 թ), ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալի (2011 թ), ՀՀ Բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե հուշամեդալի (2012 թ) և վերջապես ՀՀ նախագահի հրամանագրով 2013 թ արժանացել է պետական բարձր պարգևի՝ Անանիա Շիրակացու մեդալի»,- ասվում է հաղորդագրությունում: